Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին, հղում անելով YouTube-ի պաշտոնական հայտարարությանը, տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։

Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։

Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ», — գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։

«Հիանալի նորություն Հայաստանի բովանդակություն ստեղծողների (creators) համար. այս գարնանը Հայաստանում պաշտոնապես կգործարկվի YouTube-ի գործընկերային ծրագիրը (YPP): Հայաստանցի հեղինակներն այսուհետ կկարողանան դրամայնացնել (մոնետիզացնել) իրենց բովանդակությունը և միանալ ավելի քան 3 միլիոն անդամ ունեցող համաշխարհային ընտանիքին, ովքեր իրենց սիրելի զբաղմունքը վերածել են եկամտաբեր բիզնեսի:

Ծրագրին միանալու պայմաններին և չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ:

YouTube-ի հիմքում ընկած է մի պարզ գաղափար. մենք հաջողում ենք միայն այն դեպքում, երբ հաջողում են մեր հեղինակները: Հենց դա է պատճառը, որ միայն վերջին չորս տարիների ընթացքում մենք ավելի քան 100 միլիարդ դոլար ենք վճարել բովանդակություն ստեղծողներին, արվեստագետներին և մեդիա ընկերություններին:

Հայաստանում ծրագրի մեկնարկով YouTube-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու համաշխարհային «կրեատորների տնտեսության» աճին, ներդրումներ կատարելու նրանց բովանդակության մեջ և հնարավորություն տալու հեղինակներին կառուցել հաջողակ բիզնես ինչպես հարթակի ներսում, այնպես էլ դրանից դուրս», — ասվում է YouTube-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Share.