Եվրոպական խորհուրդն այսօր ընդունել է սահմանափակող միջոցների 20-րդ լայնածավալ փաթեթը, որը ներառում է ևս 120 առանձին ցուցակ. դա վերջին երկու տարվա ամենամեծ փաթեթն է, իսկ խիստ, բազմամակարդակ տնտեսական պատժամիջոցներն ուղղված են հիմնական ոլորտներին, ասվում է Եվրախորհրդի հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ միջոցառումների այդ փաթեթն ուղղված է ռուսական տնտեսության հետագա թուլացմանը և վերահաստատում է ԵՄ անփոփոխ աջակցությունն Ուկրաինային ու նրա ժողովրդին՝ վերջին դաժան արշավի ֆոնին, որը միտումնավոր թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկան:

«ԵՄ-ն առաջվա պես վճռական է տրամադրված պահպանել և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ նպատակ ունենալով դադարեցնել նրա դաժան ագրեսիվ պատերազմը և ներգրավել կառուցողական բանակցություններում՝ արդար և տևական խաղաղություն հաստատելու համար: Այսօրվա փաթեթը ներառում է հիմքեր ռուսական հում նավթի և նավթամթերքի ծովային փոխադրումների ապագա արգելքի համար»,- ընդգծել են Եվրախորհրդում:

20-րդ փաթեթը ներառում է 36 անվանումից բաղկացած ամբողջական լրակազմ, որն ընդգրկում է Ռուսաստանի էներգետիկ հատվածի արդյունահանող և վերամշակող արդյունաբերության սեգմենտները, դրանց թվում՝ նավթի հետախուզումը, արդյունահանումը, վերամշակումը և տեղափոխումը:

Այդ փաթեթը ռազմավարական առումով ուղղված է նոր խաղացողներին, որոնք վերջերս ավելացրել են իրենց մասնաբաժինն արտահանման շուկայում: Ռուսական նավթի արտահանումից ստացվող եկամուտները լրացուցիչ սահմանափակվում են նրանով, որ ընկերությունների ցուցակներում հիմնական ուշադրությունը դարձվում է նավատորմի «ստվերային էկոհամակարգին», ներառյալ երրորդ երկրներում գործող ընկերությունները և խոշոր ծովային ապահովագրողին: Եվս 46 նավի նկատմամբ ներկայում տարածվում է նավահանգիստներ մուտքի և ծովային փոխադրումներին առնչվող ծառայությունների մատուցման արգելքը, ինչի արդյունքում թիրախավորված նավերի ընդհանուր թիվը հասել է 632-ի:

Share.