Եվրահանձնաժողովը 2026 թվականի փետրվարի 11-ին ներկայացրել է Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անվտանգության ապահովման և դրանց հակազդման գործողությունների պլանը, որն ուղղված է չարամիտ անօդաչուների օգտագործման հետ կապված սպառնալիքների նկատմամբ ԵՄ միասնական մոտեցման մշակմանը, ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը կոչված է աջակցելու անդամ պետություններին համակարգված միջոցառումների միջոցով, որոնք լրացնում են ազգային նախաձեռնությունները։ Պլանը կենտրոնացած է մի քանի հիմնական առաջնահերթությունների վրա՝ սպառնալիքներին պատրաստվածության բարձրացում, դրոնների հայտնաբերման հնարավորությունների ընդլայնում, արձագանքման միջոցների համակարգում և Եվրոպական միության պաշտպանական պատրաստվածության ամրապնդում։
Առանձնակի շեշտադրում է արված նորարարությունների և արդյունաբերական համագործակցության միջոցով Եվրոպայի պաշտպունակության ուժեղացման վրա։ Եվրահանձնաժողովը մտադիր է նպաստել անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում առավել կայուն էկոհամակարգի ձևավորմանը՝ ամրապնդելով կառավարությունների և արդյունաբերության միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ Դրոնների դաշինքի միջոցով։ Մատչելի պաշտպանական տեխնոլոգիաների մշակման արագացումը և զանգվածային արտադրության օպերատիվ գործարկումը պետք է հիմք դառնան Դրոններից պաշտպանության եվրոպական նախաձեռնության, ինչպես նաև Eastern Flank Watch նախաձեռնության համար, որը «Պաշտպանական պատրաստվածության ճանապարհային քարտեզ 2030»-ի շրջանակներում առաջարկված առանցքային նախագիծ է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ ֆինանսավորման ծրագրերն արդեն իսկ աջակցում են անօդաչու թռչող սարքերի և դրանց հակազդման միջոցների տեխնոլոգիական զարգացմանը, մասնավորապես՝ Horizon Europe-ի և Եվրոպական պաշտպանական հիմնադրամի միջոցով։ Հանձնաժողովը մտադիր է շարունակել անդամ պետությունների ֆինանսական աջակցությունն այս գործիքների, ինչպես նաև Եվրոպական պաշտպանական արդյունաբերության զարգացման ծրագրի և SAFE վարկերի միջոցով։
Որպես հաջորդ քայլ՝ Եվրահանձնաժողովը քննարկումներ կսկսի անդամ պետությունների հետ առաջարկվող միջոցառումների և առաջնահերթությունների շուրջ՝ հիմնվելով համատեղ պատասխանատվության սկզբունքի վրա։ Նախատեսվում է նաև սերտ փոխգործակցություն ստեղխել արդյունաբերության և Եվրոպական խորհրդարանի միջև։ Իրականացման համակարգման նպատակով կարող է ստեղծվել ռազմավարական մեխանիզմ՝ անդամ պետությունների մասնակցությամբ, որը ԵՄ խորհրդի հետ կապահովի աշխատանքի տարբեր ուղղությունների համաձայնեցվածությունը և համագործակցությունը։
Բացի այդ, ԵՀ-ն անդամ պետություններին առաջարկել է նշանակել անօդաչու սարքերի անվտանգության ազգային համակարգողներ, որոնք պատասխանատու կլինեն ազգային մակարդակով նախատեսված միջոցառումների ներդրման և իրականացման վերահսկողության համար։
