Եվրախորհրդարանը երեքշաբթի օրը ընդունել է ԵՄ-ում ապաստանի տրամադրման ընթացակարգի կանոնակարգի փոփոխությունները, որոնք թույլ կտան արագացնել ապաստանի հայցերի մշակումը և դրանով իսկ արտաքսել այն միգրանտներին, որոնց հայցերը մերժվում են:

Եվրախորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ բլոկի օրենսդիր մարմինը կողմ՝ 408, դեմ՝ 184 և ձեռնպահ՝ 60 ձայներով հավանություն է տվել ծագման անվտանգ երկրների ցանկի ստեղծմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հավանություն են տվել «անվտանգ երրորդ երկրի» հայեցակարգի կիրառման վերաբերյալ համաձայնագրին՝ կողմ՝ 396, դեմ՝ 226 և ձեռնպահ՝ 30 ձայներով:

Ծագման անվտանգ երկրների նոր համաեվրոպական ցանկը թույլ կտա արագացնել ապաստանի տրամադրման հայցերի դիտարկումը նշված երկրների՝ Բանգլադեշի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Կոսովոյի, Հնդկաստանի, Մարոկկոյի և Թունիսի քաղաքացիների համար:

Նոր կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր հայցվոր պետք է ապացուցի, որ տվյալ դրույթը չպետք է կիրառվի իր դեպքում՝ հիմնավորված հետապնդման երկյուղի կամ սեփական երկիր վերադառնալու դեպքում լուրջ վնաս կրելու վտանգի պատճառով։ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները նույնպես կհամարվեն ծագման անվտանգ երկրներ, եթե համապատասխան հանգամանքները՝ օրինակ՝ անխտիր բռնությունը զինված հակամարտության համատեքստում, չեն վկայում հակառակի մասին, կամ եթե ԵՄ մասշտաբով նրանց քաղաքացիներին ապաստան տրամադրելու մակարդակը գերազանցում է 20%-ը, կամ առկա են տնտեսական պատժամիջոցներ՝ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների վրա ազդող գործողությունների հետ։

Եվրահանձնաժողովը կհետևի իրավիճակին ցուցակում ընդգրկված և թեկնածու երկրներում և կարձագանքի, եթե հանգամանքները փոխվեն։ Այն կարող է ժամանակավորապես որոշում կայացնել, որ այս կամ այն երկիրն անվտանգ չէ, կամ առաջարկել ընդմիշտ հանել այն ցուցակից։ Անդամ պետությունները հնարավորություն կունենան ազգային մակարդակով նշանակել լրացուցիչ անվտանգ ծագման երկրներ։

Share.