Տնից մեկն է խոսում, Նարեկը խոսում է, ես հետևում եմ իր գործողություններին և անում եմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ով Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, ապա նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

«Ես արդեն թոշակառու մարդ եմ, իրենք երիտասարդներ են, իրենք պետք է կերտեն ապագան»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ինքը նախկինների օրոք առանցքային դերակատարում է ունեցել, ոնց կարող է կապ չունենալ նախկինների հետ, Կարեն Կարապետյանն ասաց. «Գոնե դուք գիտեք, ես երբ եմ աշխատանքից դուրս եկել։ Ես ում հետ աշխատել եմ, բարեկիրթ մարդկային հարաբերությունները, ես բոլորի հետ էլ պահում եմ, անգամ Նիկոլի հետ եմ պահում»։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս պահին պատրաստ չէ բանակցությունների գնալ. «Դուք տեսե՞լ եք, որ մենք հայհոյենք իրենց։ Դա էլ է հարաբերություն պահելու նորմալ ձև։ Ես նորմալ հարաբերությունները բոլորի հետ եմ պահում։ Մեր գաղափարախոսությունը, եթե նկատել եք, խարսխված է միասնության վրա։ Պետք է բաժանեն, որ տիրեն, մենք բաժանվել ենք, որպեսզի մեզ տիրեն։

Նարեկի ասածը, Սամվելի խոսքը, խորքում մեր միասնություն է, առանց դրա ոչ Սամվելը կարա անի, ոչ էլ Հիսուս Քրիստոսը կարա անի։ Մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, իրենց կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք, դուք պատկերացնո՞ւմ եք, այս բզկտումը, այս ամեն ինչը ինչի է բերելու։

Մենք ի՞նչ ենք ուզում ենք, լավ, ամեն ինչ եղբայրս ունի, փառք Աստծո, ես էլ սոված չեմ, իմ համեստ հնարավորություններով սաղ կյանքս իմ տունը պահել եմ։ Ի՞նչն է խնդիրը,  փորձեք ինքնուրույն մտածել։  Պաշտո՞ն, ամենաբարձր պաշտոնից ես թողել, գնացել եմ, որ սաղ երկրի անցուդարձը մոտավորապես իմ իմ կողքով անցել է»,–ասաց նա։

Share.