Bruegel վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Եվրամիության երկրներն ավելի քան 10 միլիարդ եվրո (11,7 միլիարդ դոլար) են հատկացրել սպառողների և ձեռնարկությունների պաշտպանությանը, քանի որ Իրանում պատերազմը հանգեցնում է էներգակիրների գների բարձրացման, պարզել է Bloomberg գործակալությունը։
Բրյուսելյան վերլուծական կենտրոնի հետազոտության համաձայն՝ ծախսերը բաշխվել են ոչ արդյունավետ ձևով, իսկ ձեռնարկված միջոցառումների գրեթե չորս հինգերորդը (ինչպես օրինակ՝ հարկերի ընդհանուր նվազեցումը) այդքան էլ թիրախային չեն եղել։
Առաջարկվող աջակցության մի մասը չի համապատասխանում Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականներին, ըստ որոնց՝ օգնությունը պետք է լինի ժամանակավոր և չխթանի պահանջարկը։ Ծախսերի ընդհանուր ծավալի գրեթե կեսը բաժին է ընկնում Իսպանիային, իսկ Գերմանիան զբաղեցնում է ծախսերի մեծությամբ երկրորդ տեղը։
Էներգետիկ ցնցումը վատթարացնում է ԵՄ տնտեսական հեռանկարները, իսկ պետական բյուջեների վրա ընկնող բեռն, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կմեծանա, եթե հակամարտությունը շարունակվի։
Սա բացասաբար է անդրադառնում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ գնաճի վրա։ Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անցյալ շաբաթ զգուշացրել է, որ ԵՄ ոչ բոլոր երկրներն ունեն ֆինանսական հնարավորություններ և որոշները չեն կարող մեղմել գների բարձրացման հարվածը։
Մերձավորարևելյան հակամարտությունը բռնկվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, ինչի հետևանքով գազի գները թռիչքաձև աճել են՝ հասնելով ռեկորդային մակարդակի։
Էներգետիկ այս ճգնաժամի ընթացքում ԵՄ կառավարություններն ավելի քան կես տրիլիոն եվրո են հատկացրել սպառողներին աջակցելու համար։
«Վատ նորությունն այն է, որ ԵՄ կառավարությունները, կարծես թե, շատ բան չեն սովորել 2022 թվականի էներգետիկ ճգնաժամից,— Bloomberg գործակալությանը հայտնել է Bruegel-ի վերլուծաբան Սիմոնա Տալյապիետրան։— Հակառակ եվրոպական և միջազգային կառույցների բոլոր հանձնարարականներին՝ նրանք իրոք նախապատվությունը տալիս են արագ և ոչ թիրախային միջոցառումներին։ Սա առաջացնում է սոցիալական անհավասարություն և էլ ավելի է սրում վտանգը՝ մեծացնելով դեֆիցիտի պայմաններում առկա պահանջարկը»։
Անցյալ շաբաթ ԵՄ առաջնորդները կոչ են արել նոր միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն մեղմել էներգակիրների գների աճի հարվածը՝ հայտարարելով, որ Եվրահանձնաժողովի առաջարկած պլանը, որը ներառում է համակարգման ուժեղացում, ավիավառելիքի և էլեկտրաէներգիայի հարկերի նվազեցման միջոցառումներ, անբավարար էր։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հորդորել է լրացուցիչ միջոցներ ուղղել տնտեսության էլեկտրիֆիկացմանը, ճկունացնել հարկային դաշտը և էներգետիկ հսկաների համար սահմանել գերշահույթի հարկ։
Նրա կառավարությունը մտադիր է նվազեցնել վառելիքի, էլեկտրաէներգիայի և գազի ԱԱՀ-ն, ինչպես նաև ուղղակի օգնություն ցուցաբերել գյուղատնտեսությանը, տրանսպորտին և արդյունաբերությանը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ն ավելի քան 20 միլիարդ եվրոյի հավելյալ վճարում է կատարել իր օգտագործած հանածո վառելիքի համար։
Երեքշաբթի օրը նավթի գները կրկին աճել են. Brent տեսակի նավթը թանկացել է 2,5%-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 110 դոլարի շեմը։
