Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների կողմից իրականացված աղմկահարույց բացահայտումներից հետո դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ Ինչպես հայտնում է DW-ի թղթակիցը դատարանի դահլիճից, դատավորը որպես այլընտրանքային միջոց սահմանել է 140 միլիոն գրիվնա գրավ (մոտ 2,8 մլն եվրո)։

Չնայած որոշմանը՝ Երմակին անմիջապես չեն կալանավորել. նա ունի 5 օր ժամանակ՝ գումարը հայթայթելու կամ որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար։ Գրավի վճարման դեպքում նրա նկատմամբ կիրառվելու են խիստ սահմանափակումներ. նա պարտավոր կլինի կրել էլեկտրոնային թևնոց, չլքել Կիևը, հանձնել արտասահմանյան ու դիվանագիտական անձնագրերը և ձեռնպահ մնալ գործով անցնող վկաների ու կասկածյալների հետ շփումից, այդ թվում՝ Մինդիչի և Չեռնիշովի։

Այս գործը սկիզբ է առել մայիսի 11-ին, երբ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտարարեցին կազմակերպված հանցավոր խմբի բացահայտման մասին։ Ըստ քննության՝ խումբը ներգրավված է եղել Կիևի մերձակայքում իրականացվող էլիտար շինարարության միջոցով շուրջ 460 միլիոն գրիվնայի (մոտ 9 միլիոն եվրո) օրինականացման մեջ։ Իրավապահները Անդրեյ Երմակին նշել են որպես այդ խմբի առանցքային մասնակիցներից մեկը։ Ինքը՝ Երմակը, կտրականապես հերքում է մեղադրանքները։

«Ես մնում եմ Ուկրաինայում և թաքցնելու ոչինչ չունեմ»,- հայտարարել է նա նիստից հետո։

Նախկին պաշտոնյան նաև նշել է, որ անձամբ չունի նման խոշոր չափի գրավ վճարելու միջոցներ, և նրա փաստաբանները պատրաստվում են գումարը փնտրել «ընկերների ու ծանոթների շրջանում»։

Share.