ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ ամերիկացի և իրանցի բանակցողները, ըստ ամենայնի, կհանդիպեն այս շաբաթավերջին, և ակնկալում է, որ նրանք պատերազմը դադարեցնելու վերջնական համաձայնության կհասնեն։
«Իրանցիները ցանկանում են հանդիպել։ Նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Կարծում եմ, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս շաբաթավերջին։ Ըստ իս, մենք համաձայնության կհասնենք առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը «կապահովի Իսրայելի անվտանգությունը» և ընդգծել է, որ «Իսրայելը պատվով դուրս կգա պատերազմից»։
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ ցանկանում է հինգշաբթի հայտարարված հրադադարի շրջանակում դադարեցնել Լիբանանի վրա Իսրայելի հարվածները։
Թրամփն արդեն Reuters-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ը կհամագործակցի Իրանի հետ Միացյալ Նահանգներին հարստացված ուրանի փոխանցման հարցում։
«Մենք դա կկարգավորենք։ Մենք կսկսենք աշխատել Իրանի հետ հանգիստ տեմպերով, կիջնենք այնտեղ և կսկսենք փորել խոշոր սարքավորումներով… Մենք այդ ամենը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ»,- ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ բանակցություններ, և որ դրանք տեղի կունենան «հավանաբար այս շաբաթավերջին»։
Նա հավելել է, որ «հնարավոր է» համաձայնագրի կնքումից հետո մեկնի Իսլամաբադ։ «Սակայն ես դեռ նման որոշում չեմ ընդունել»,- ասել է Թրամփը։
