ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. փետրվարը 2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 4.3 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թ. հունվարին, 2025 թ. հունվարի նկատմամբ , գնաճը եղել է 3.8 %:

Այս տարվա փետրվարին (2025–ի փետրվարի նկատմամբ) սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում ընդհանուր առմամբ 6.5 % գնաճ է արձանագրվել: Ամենաշատը թանկացել են ծխախոտը` 13 %, կաթնամթերքը, պանիրը և ձուն` 10.1 %, ձուկը և ծովամթերքը` 9.6 % ։

Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենային շուկային, ապա այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.8 %–ով, փոխարենը 6.5 %–ով բարձրացել են մրգերի գները։

Գների փոփոխությունը Հայաստանում 2026 թ-ի փետրվար - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2026

Գների փոփոխությունը Հայաստանում 2026 թ-ի փետրվար©
Sputnik / Shushanik Avdalyan

Պարենային ապրանքատեսակների մեջ ամենից շատ բարձացել է կակաոյի գինը` 36.4 %–ով, ձվի գինը` 19.2 %–ով, գառան, ոչխարի մսի գինը` 13.3 %–ով, տավարի մսի գինը` 12.5 %–ով և այլն։

Ոչ պարենային ապրանքների գները 2026 թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ աճել են 0.9 %–ով: Ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %–ով, իսկ ամենացածր գները եղել են սիրողական այգեգործության ոլորտում` -13 %:

2026 թ. փետրվարին, ըստ Վիճակագական կոմիտեի տվյալների, բենզինի գները իջել են 8.2 %–ով, դիզելային վառելիքինը` 6.2 %–ով, փոխարենը` բարձրացել է հեղուկ ածխաջրածինների գինը (բութան, պրոպան և այլն)` 48.3 %–ով։

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. փետրվարին 2025 թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2 %–ով։

Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա 2026 թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):

Share.