Գերմանիայում համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու դիմումների թիվը շարունակում է արագորեն աճել։ Այս մասին գրում է «Neue Osnabrücker Zeitung» (NOZ) թերթը՝ հղում կատարելով Ընտանիքի և քաղաքացիական հասարակության գործերի դաշնային գերատեսչության (BAFzA) տվյալներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ միայն 2026 թվականի առաջին եռամսյակում արդեն 2,656 մարդ է նման դիմում ներկայացրել, ինչն ավելին է, քան ողջ 2024 թվականի ընթացքում (2,249): Պարբերականը կանխատեսում է, որ այս միտումի պահպանման դեպքում տարեվերջին դիմումները կարող են հատել 10 հազարի սահմանը։ Դա կլինի ամենաբարձր ցուցանիշը 2011-ից ի վեր, երբ երկրում չեղարկվեց պարտադիր զինվորական ծառայությունը։ Նման դինամիկայի պատճառը անվտանգության ոլորտում տիրող լարված իրավիճակն է և Գերմանիայում պարտադիր զորակոչը վերականգնելու շուրջ շարունակվող քննարկումները:

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին ներկայացվել էր ընդհանուր առմամբ 3,879 դիմում, իսկ 2023-ին զինվորական ծառայությունից հրաժարվել էր ընդամենը 1,079 մարդ։ Ծառայությունից հրաժարվողների թվի աճին զուգահեռ՝ ավելանում է նաև այն անձանց թիվը, որոնք չեղարկում են իրենց նախկին որոշումը. անցյալ տարի գրանցվել է նման 781 դիմում, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ արդեն 233։ Նախորդ տարիներին հրաժարականը հետ կանչելու դիմումների թիվը զգալիորեն ցածր էր՝ 2021-ի 304-ից մինչև 2024-ի 626 դեպք։ Թե ինչու են նախկինում ծառայությունից հրաժարվածները փոխում իրենց որոշումը՝ հայտնի չէ։ 

Գերմանիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ երկրի զինված ուժերի ընդհանուր թիվն այս պահին կազմում է շուրջ 185,400 զինվորական, ինչը 3,3 հազարով ավելի է, քան 2025 թվականի մարտին։

2026 թվականի հունվարի 1-ից Գերմանիայում ուժի մեջ է մտել զինվորական ծառայության նոր մոդելի մասին օրենքը։ Այն պարտադրում է երիտասարդներին անցնել բժշկական հետազոտություն և վերականգնում է զինվորական հաշվառումը։ Բունդեսվերի շարքերը համալրելը դեռևս կամավոր հիմունքներով է։ Ըստ նոր օրենքի՝ չափահաս տղամարդիկ պարտավոր են լրացնել հարցաթերթիկը՝ պատասխանելով իրենց ֆիզիկական պատրաստվածության և Գերմանիայի զինված ուժերին միանալու պատրաստակամության մասին հարցերին։ Կանանց համար այս հարցաթերթիկների լրացումը կամավոր է։

Գերմանիայում պարտադիր զինվորական զորակոչը չեղարկվել է 2011 թվականի հուլիսին, ինչից հետո երկիրն անցում է կատարել պրոֆեսիոնալ բանակային համակարգին։

Share.