ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ փաստական տվյալներ է ստացել վիրավորում ստացած զինվորականներին 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների մասին։
Կոմիտեն հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակել, որում կադրեր կան «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի և պատերազմի մասնակիցների հանդիպումից։
Կադրերին հաջորդում են ձայնագրությունները, որոնցում խոսվում է միմյանց գումար փոխանցելու մասին` ճանապարհածախսը փոխհատուցելու նպատակով։
Մեկ այլ ձայնագրությունում խոսվում է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի` Կանդազի մասին. ինչ–որ տղամարդ ասում է, թե նրան կալանավորել են 1991 թվականին կատարված սպանության համար։
Հիշեցնենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
