Բրիտանական «Radio Caroline» ռադիոկայանը, որը հեռարձակվում է Անգլիայի հարավում և կենտրոնական մասում, պատահաբար թողարկել է միապետի մահվան դեպքում նախապես պատրաստված նյութը: Կայանն ընդհատել է սովորական հեռարձակումը և հայտարարել թագավորի մահվան մասին, որից հետո հնչել է «God Save the King» («Աստված, պահպանիր թագավորին») հիմնը, իսկ հետո եթերն ընդհատվել է։
15 րոպե անց հաղորդավարները վերադարձել են եթեր և ներողություն խնդրել՝ տեղի ունեցածը բացատրելով «տեխնիկական խնդրով»:
«Radio Caroline»-ի տնօրենը հայտարարել է, որ պատահարի մեղավորը «համակարգչային սխալն է», որի պատճառով ակտիվացել է «Միապետի մահը» սցենարը, որը բոլոր ռադիոկայանները պատրաստում են՝ թագավորի մահվան դեպքում եթեր տալու նպատակով։
Վերջին հինգ տարիների ընթացքում (2022-2026 թթ.) բրիտանական և միջազգային լրատվամիջոցները 3 անգամ սխալմամբ հաղորդել են բրիտանացի միապետների մահվան մասին: 2022 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ամենախոշոր միջադեպը. Բուքինգհեմյան պալատի կողմից Եղիսաբեթ II թագուհու ծանր վիճակի մասին հայտարարելուց անմիջապես հետո, նախքան պալատի պաշտոնական հայտարարությունը, BBC-ի հաղորդավարուհի Յալդա Հակիմը սոցիալական ցանցերում գրառում է կատարել նրա մահվան մասին: Թվիթն արագ ջնջվել է, և լրագրողը ներողություն է խնդրել վաղաժամ հրապարակման համար:
