Իրանի ուղղությամբ հարվածների սկսվելուց հետո «Ռոսատոմը» տարհանել է «Բուշեր» ԱԷԿ-ի ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակցի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Իհարկե, մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, իհարկե, մենք բոլորս կոնսենսուս ենք ուզում, բայց առայժմ թե՛ ամերիկյան, թե՛ իսրայելական կողմից չափազանց հակասական ազդակներ են գալիս, որպեսզի մոտակա օրերին Մերձավոր Արևելքում որևէ հաշտեցում սպասենք։ Ուստի մենք հիմնավորված կերպով ավարտել ենք տարհանումը. ռազմական գործողությունների սկզբից ի վեր դուրս ենք բերել ավելի քան 600 հոգու, նրանց տեղափոխել ենք Ռուսաստան։ Նրանք այժմ հանգստանում են, տեղավորվում են»,-լրագրողներին ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում մնացել են միայն 20 կամավոր, ևս 4 հոգի մնացել են անմիջապես Թեհրանում։

«Նրանց խնդիրն է ենթակառուցվածքները պահպանելը, նրանց խնդիրն է կապի մեջ լինել տեղի պատվիրատուի հետ, որը, ի դեպ, նույնպես դադարեցրել է բոլոր շինարարական աշխատանքները»,-հավելել է Լիխաչովը։

«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ տարհանման ընթացքում դուրս են բերվել նաև ռուսաստանցի աշխատակիցների ընտանի կենդանիները։

Share.