Գերմանիայում հասարակական տրանսպորտի համար նոր նախազգուշական գործադուլ է ազդարարվել: Verdi արհմիությունը հայտարարել է, որ ավտոբուսների և տրամվայների ծառայությունները կարող են դադարեցվել մարտի 19-ին առնվազն հինգ դաշնային հողերում՝ Բավարիայում, Սաարլանդում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում և Համբուրգում, գրում է Bild պարբերականը:
Հեսսենում և Բրեմենում գործադուլին միանալու վերաբերյալ որոշումները սպասվում են առաջիկա օրերին, ուստի շրջանների թիվը կարող է հասնել յոթի:
Սաքսոնիայում արդեն իսկ գործադուլ է սկսվել: Verdi արհմիությունը նշում է, որ գործատուների հետ բանակցությունները շարունակվում են մի քանի ամիս, և էական առաջընթաց չի եղել:
Արհմիությունը պահանջում է ոչ միայն աշխատավարձի բարձրացում, այլև աշխատանքային պայմանների բարելավում՝ ավելի ճկուն ժամանակացույցեր, ավելի երկար ընդմիջումներ և հերթափոխերի միջև ավելի շատ հանգստի ժամանակ: Ընդ որում, Բադեն-Վյուրտեմբերգում և Շլեզվիգ-Հոլշտայնում արդեն համաձայնություններ են ձեռք բերվել, իսկ Ստորին Սաքսոնիայում մինչև ամսվա վերջ գործում է գործադուլի արգելքը:
Բացի դրանից, գործադուլի պատճառով Բեռլինի օդանավակայանում բոլոր չվերթները չեղարկվել են:
Բեռլին Բրանդենբուրգի օդանավակայանի աշխատակիցները մարտի 18-ին գործադուլ կանեն, որի արդյունքում չեղարկվել է 445 չվերթ, ինչը կանդրադառնամոտ 57 հազար ուղևորի վրա: Նրանց խորհուրդ է տրվում կապ հաստատել իրենց ավիաընկերությունների հետ՝ տոմսերը վերաձևակերպելու և այլընտրանքային ուղևորության տարբերակներ գտնելու համար։
Ավելի վաղ Verdi արհմիությունը մոտ 2000 օդանավակայանի աշխատակիցների կոչ էր արել մեկօրյա նախազգուշական գործադուլ անցկացնել: Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 6% բարձրացում և ամսական առնվազն 250 եվրո, սակայն օդանավակայանի ղեկավարությունը չի համաձայնվում։
