2025 թվականին բելառուսա-լեհական սահմանին չորս ստորգետնյա թունելներ են հայտնաբերվել, որոնց միջոցով օտարերկրացիների զանգվածային տեղափոխում է իրականացվել դեպի Եվրոպա։ Այս մասին բրիտանական The Telegraph թերթին հայտնել են Լեհաստանի սահմանապահ ծառայությունից։
Ամենամեծ թունելներից մեկը, որը հայտնաբերվել էր դեկտեմբերի կեսերին, գտնվում է Լեհաստանի արևելքում՝ Նարևկա գյուղի մոտակայքում։ Դրա երկարությունը 60 մետր է, իսկ բարձրությունը՝ մեկուկես մետր։ Ընդհանուր առմամբ, դրանից օգտվել է 180 մարդ՝ հիմնականում Աֆղանստանից և Պակիստանից։ Նրանց մեծ մասը (130 հոգի) ձերբակալվել է սահմանի մյուս կողմում թունելից դուրս գալուց անմիջապես հետո։
Ինչպես հայտարարում են լեհական իշխանությունները, Բելառուսում ստորգետնյա թունելների նախագծման մեջ ներգրավվել են Մերձավոր Արևելքից ժամանած «բարձր որակավորում» ունեցող անձինք։ Պարբերականի կողմից հարցված ռազմական փորձագետները ենթադրում են, որ թունելների կառուցմանը հնարավոր է առնչություն ունենան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» կամ «Իսլամական պետության» ահաբեկիչները։
«Նման մարտավարությունը նշանակում է Կրեմլի կողմից Եվրոպայի դեմ մղվող հիբրիդային պատերազմի նոր էսկալացիա, որի շրջանակներում Մինսկը փորձում էր տասնյակ հազարավոր միգրանտների տեղափոխել Լեհաստանի արևելյան սահմանով», – գրում է The Telegraph-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Բելառուսը դեռևս մինչև 2022 թվականն օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ հազարավոր օտարերկրացիների լեհական սահմանով տեղափոխելու համար, ինչը դրդել է Վարշավային 200 կիլոմետրանոց ցանկապատ կառուցել՝ համալրված 300 տեսախցիկներով։
