Աֆրիկան կարող է ճեղքվել ավելի շուտ, քան նախատեսում էին գիտնականները, թեև այս գործընթացը լիովին կավարտվի մի քանի միլիոն տարի հետո: Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի երկրաբանները, որոնք հետազոտել են Արևելաաֆրիկյան ռիֆտային համակարգը: Հեղինակներն իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Nature Communications ամսագրում:
Աշխարհի այս տարածաշրջանում Աֆրիկյան սալն արդեն իսկ բաժանվում է երկու մասի՝ Նուբիական՝ արևմուտքում և Սոմալիական՝ արևելքում: Սա ռիֆտոգենեզ է՝ տեկտոնական սալերի տարամիտում: Գիտնականները կանխատեսում են, որ ժամանակի ընթացքում դրանց միջև նոր օվկիանոս կձևավորվի:
Հետազոտողների խումբը կենտրոնացել է Տուրկանայի ռիֆտային գոտու վրա, որը տեղակայված է Քենիայի և Եթովպիայի տարածքում, հայտնում է Planet Today-ը: Նրանք վերլուծել են սեյսմիկ տվյալները՝ պարզելով, որ երկրակեղևն այստեղ զգալիորեն ավելի բարակ է, քան ակնկալվում էր նախկինում՝ մոտ 13 կիլոմետր բեկվածքի կենտրոնում և ավելի քան 35 կիլոմետր՝ եզրերում:
Այս չափանիշը համարվում է վճռորոշ: Եթե կեղևի հաստությունը նվազում է մինչև 15 կիլոմետր, տեղի է ունենում «սեղմում», որից հետո մայրցամաքի ճեղքումը դառնում է գրեթե անխուսափելի: Երկրաբանները եզրակացրել են, որ տարածաշրջանն արդեն հասել է այդ շեմին և քայքայման ավելի առաջադեմ փուլում է, քան ընդունված էր համարել նախկինում:
Կեղևի հետագա բարակման դեպքում երկրի խորքերից կսկսի բարձրանալ մագման, և կձևավորվի նոր օվկիանոսային կեղև: Հաջորդ փուլում, ըստ փորձագետների, այնտեղ կներխուժեն Հնդկական օվկիանոսի ջրերը, և տեղի կունենա նոր օվկիանոսային ավազանի ծնունդը: Գործընթացն արդեն սկսել են նկատել Աֆարյան իջվածքում՝ Աֆրիկայի հյուսիս-արևելքում:
Երբ մասնագետները խոսում են «արագ» ճեղքման մասին, դա երկրաբանական չափումների տերմինաբանություն է. իրականում գործընթացը կտևի միլիոնավոր տարիներ: Սակայն նախորդ գնահատականների համեմատ՝ ռիֆտի զարգացումն ընթանում է արագացված տեմպերով:
Փորձագետները նշում են տարածաշրջանում ակտիվ երկրաբանական գործընթացների ևս մեկ առավելություն. դրանք նպաստում են հնագույն բրածոների պահպանմանը, ինչպիսիք են մարդու վաղ նախնիների մնացորդները:
