Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
