Արմավիրի մարզի Արևիկ գյուղից մոտ 2 շաբաթ առաջ առևանգված 15-ամյա աղջկան հարազատները օրեր առաջ գտել և տուն են բերել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արևիկի վարչական ղեկավար Գառնիկ Ծատուրյանը։

«Մենակ իմացել եմ, որ այդ երեխուն փախցրել են, մի քանի օր անց ծնողները դիմել են ոստիկանություն, երեխուն գտել, բերել են։ Մնացած հարցերից տեղյակ չեմ»,- ասաց վարչական ղեկավարը։

Ճշտող հարցին՝ երեխան շարունակո՞ւմ է դպրոց հաճախել, վարչական ղեկավարը պատասխանեց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել  փետրվարի 11-ին։ 15-ամյա աղջկա հարազատները փետրվարի 14-ին դիմել էին իրավապահներին։

Բնակիչներն ու դպրոցի տնօրենը պատմել էին, որ ազգությամբ եզդի աղջիկը սիրած տղայի հետ է փախել։ Նա ծնողներին նամակ էր թողել, որտեղ ըստ բնակիչների գրված է եղել․ «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք․․․»։

Share.