Հարավային Կորեայի Տեջոն քաղաքում երրորդ օրն է՝ շարունակվում են կենդանաբանական այգուց փախած Նիկկու անունով երկամյա գայլի որոնումները: Նույնիսկ երկրի նախագահ Լի Չժե Մյոնն է հետեւում իրավիճակի զարգացմանը։

Ապրիլի 8-ի առավոտյան գայլը փոս էր փորել իր վանդակում եւ հայտնվել ավելի քան 1.4 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում: Yonhap-ի տվյալներով՝ Նիկկուն 2008թ․ Սարատովի մարզից բերված գայլերի սերունդն է: «Հուսով եմ՝ ոչ ոք չի տուժի, եւ հուսով եմ՝ Նիկկուն անվնաս կվերադառնա»,- ըստ news-ի՝ X-ում գրել է նախագահը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանությունը, բանակը, արտակարգ ծառայությունները, անօդաչու սարքերը, ջերմատեսախցիկները եւ ծառայողական շները: O-World այգում նրանք հեռարձակում են գայլերի ոհմակի ոռնոցը՝ հույս ունենալով, որ կենդանին բնազդաբար կվերադառնա տուն: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ականատեսները գայլին տեսել են Չոնջու քաղաքի մոտ, որը գտնվում է այգուց 23 կիլոմետր հեռավորության վրա:

Փախուստը լայն հետաքրքրություն է առաջացրել սոցցանցում, նույնիսկ թողարկվել է դրան նվիրված «մեմքոյն»: Սա առաջին նման միջադեպը չէ. 2018թ․ նույն կենդանաբանական այգուց պումա էր փախել, իսկ 2023թ․՝ զեբր Սեուլի կենդանաբանական այգուց։

Share.