Արաբական երկրները «վերջին նախազգուշացումն» են արել Իրանին՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանն այս շաբաթ այցելել էր տարածաշրջանի երկրներ. մարտի 19-ին նա մասնակցել էր 11 երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:

Ֆիդանի խոսքով` այժմ ինտենսիվ հարվածների տակ գտնվող Պարսից ծոցի երկրները հարցադրում են անում, թե ինչու է Իրանը թիրախավորում իրենց տարածքները, նշում են, որ իրենք այդ պատերազմի հետ կապ չունեն: Նրանց խոսքով՝ այդ հարձակումներն արդարացված չեն, և դրա համար Իրանը պետք է պատասխան տա: «Հենց սկզբից այդ երկրները հայտարարել են, որ իրենց օդային տարածքները և իրենց տարածքներում գտնվող բազաները չեն օգտագործվի Իրանին հարվածելու համար», -նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

«Պարսից ծոցի արաբական երկրներն ասում են, որ հարվածների հետ կապված ներկա իրավիճակը շարունակելու դեպքում ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել: Վերջին հանդիպմանը (Էր Ռիյադում-խմբ.) նրանք վերջին նախազգուշացումն են արել», – ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ռիսկերը մեծացել են, Անկարան չի ցանկանում, որ ամբողջ տարածաշրջանը ներքաշվի երկարաժամկետ պատերազմի մեջ, ուստի շարունակում է կարգավորման համար պատրաստել դիվանագիտական հիմքեր:

Share.