Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը խուզարկություններ է իրականացնում Արաբական աշխարհի ինստիտուտում: Այս մասին հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ խուզարկություններն իրականացվում են փողերի հնարավոր լվացման գործի քննության շրջանակներում, որում ներգրավված է հաստատության նախկին տնօրեն Ժակ Լանգը՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ համագործակցությամբ։

Հետաքննություն է ընթանում նաև Լանգի դստեր՝ Կարոլին Լանգի նկատմամբ։

Դատախազությունը հետաքննությունը սկսել է փետրվարի 6-ին՝ Mediapart գործակալության կողմից ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերից քաղվածքների հրապարակումից հետո։ Ըստ այդ փաստաթղթերի՝ երկու կասկածյալները ամերիկացի ֆինանսիստի հետ համատեղ տիրապետել են Վիրջինյան կղզիներում գրանցված Prytanee LLC ընկերությանը, իսկ Լանգը, մասնավորապես, մասնակցել է Մարոկկոյում 5,4 միլիոն եվրո արժողությամբ անշարժ գույքի վաճառքի գործարքին։

Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորքի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ առկա են ապացույցներ այն մասին, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների (որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր) այցելությունները Մանհեթենի իր տուն։ Էպշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ներառված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից (ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր:

Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումն ԱՄՆ-ում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։

Share.