ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին Պակիստանում «հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա», քանի որ ԱՄՆ-ն ու Իրանը փորձում են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Դուք իսկապես պետք է մնաք այնտեղ, քանի որ առաջիկա երկու օրերին հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա, և մենք ավելի հավանական է, որ այնտեղ գնանք»,- ասել է Թրամփը New York Post-ի լրագրողին, որը գործուղվել էր Իսլամաբադ։
«Ավելի հավանական է, և գիտե՞ք ինչու։ Որովհետև ֆելդմարշալը հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է նա։
Թրամփը նկատի ուներ Պակիստանի ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ նրան «ֆանտաստիկ» անվանելով:
Ժնևը ևս դիտարկվել է որպես խաղաղության բանակցությունների մեկ այլ հավանական վայր, սակայն Թրամփը, կարծես, այդ տարբերակը չի դիտարկում։
«Ինչո՞ւ պետք է գնանք որևէ երկիր, որը որևէ կապ չունի դրա հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև նախորդ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնագրի։
