2025 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է. բարձր տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների, ինչպես նաև մշակող արդյունաբերության ճյուղերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։
«Պահանջարկի ընթացիկ պայմանների և դրա հետագա միտումների վերաբերյալ անորոշությունն էապես ավելացել է՝ պայմանավորված հատկապես տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերի ավելացմամբ:
Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաև առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։
Զուգահեռաբար, մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ:
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:
Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիկսերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»,–ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։
