Երկու երկրների միջև սահմանի բացման գործընթացը գտնվում է տեխնիկական նախապատրաստման ավարտական փուլում, իսկ կարգավորման վերաբերյալ քաղաքական որոշումն արդեն ընդունվել է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նրա խոսքով՝ նախկինում արդեն իսկ համաձայնեցվել էր սահմանի բացման հարցը։ «Մենք արդեն որոշել ենք, որ երբ գա համապատասխան ժամանակը և ձևականությունները ավարտվեն, մենք կբացենք սահմանը», — նշել է Քըլըչը։
Նա հստակեցրել է, որ ենթակառուցվածքային նախապատրաստությունը գրեթե ավարտված է, սակայն դեռ մնում են տեխնիկական և վարչական ընթացակարգեր, այդ թվում՝ անցակետերում անձնակազմի նշանակումը, կապուղիների միացումը և այլ կազմակերպչական հարցեր։
«Շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն անհրաժեշտ է ավարտին հասցնել ձևականությունները։ Պետք է նշանակել մարդկանց, ապահովել ինտերնետ կապը և լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ», — պարզաբանել է նա։
Պատասխանելով հնարավոր քաղաքական խոչընդոտների մասին հարցին՝ Քըլըչն ընդգծել է, որ Թուրքիան դեռևս 2022 թվականի օգոստոսին արդեն հայտնել էր կարգավորման քաղաքական կամքը։ Նրա խոսքով՝ ներկայիս դժվարությունները բացառապես տեխնիկական և բյուրոկրատական բնույթ են կրում։
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է կանխատեսել սահմանի բացման հստակ ժամկետները՝ նշելով, որ չի ցանկանում մոլորության մեջ գցել կոնկրետ ամսաթվերի վերաբերյալ։
Զրույցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը նաև կիսվել է Հայաստանում գտնվելու իր տպավորություններով՝ նշելով ջերմ ընդունելությունն ու մթնոլորտը։ «Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Եվ սա կատակ չէ», — հայտարարել է նա։
