«Ծառուկյան Գագոն (ի նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին -խմբ.) աշխարհաքաղաքական վերլուծությամբ է զբաղվել։ Լսի՛ր, դա քո ինչ խելքի բանն է»։ Դրա մասին մայիսի 22-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը։

«Քո կարծիքով՝ Հայաստանի ժողովուրդը մոռացե՞լ է քո իրական անունը։ Քո անվտանգությունը կկարողանա ապահովել միայն քրեակատարողական ծառայությունը։ Նույնը վերաբերում է կալուգացուն (ի նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին- խմբ.), և Ռոբին («Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին – խմբ), և ձեր ամբողջ մաֆիային։ Այնպես որ, պատրաստվե՛ք»,- նշել է նա։

Փաշինյանը կրկին «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքն անվանել է լրտեսական ցանց, իսկ դրանց առաջնորդներին՝ «տականքներ»։

«Եռագլուխ կուսակցությունը չպետք է հաղթահարի խորհրդարան անցողիկ շեմը։ Դա Հայաստանի քաղաքացիների պատվի հարցն է»,- նշել է նա։

Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է հիմնավորի 44-օրյա պատերազմի հետևանքով «5000 զոհի և 7000 վիրավորի մասին» իր հայտարարությունը։

«Ես թույլ չեմ տա նրանց խուսափել այդ հարցից։ Եթե նրանք մինչև քվեարկության օրը չհիմնավորեն այդ պնդումը, դա պետք է դառնա ևս մեկ փաստարկ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է հայտնվի «շեմից ներքև» և խորհրդարանում ոչ մի պատգամավոր չունենա»,- ընդգծել է Փաշինյանը։

Share.