ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։

«Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը նշել է, որ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են նաև այսօր, և եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ իր Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։

Ես նրան առաջնորդ չեմ համարում, ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի, ոչ ոք հիմա այդ պաշտոնը չի ուզում. այս հայտարարությունն էլ ԱՄՆ նախագահն արել էր՝ խոսելով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։

«Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Նրան նույնպես չեն տեսել, նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես նրան առաջնորդ չեմ համարում», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Լրատվականները հայտնում են Թրամփի վստահեցումը, թե «Այաթոլան և ես համատեղ կվերահսկենք Հորմուզի նեղուցը, այն շատ շուտով կբացվի, եթե ամեն ինչ լավ ստացվի»:

Share.