Շուրջ 3 500 նավաստիներից և ծովային հետևակայիններից բաղկացած խմբով ամերիկյան USS Tripoli դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Գերատեսչությունը հրապարակել է մարտի 29-ով թվագրված մի լուսանկար, որտեղ նավը պատկերված է Հնդկական օվկիանոսում։ Հրամանատարությունը չի հստակեցնում, թե ներկայումս որքան հեռու է USS Tripoli-ն Իրանի ափերից։ Մարտի 28-ին CENTCOM-ը տեղեկացրել էր, որ դեսանտային նավը ժամանել է Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որն ընդգրկում է առաջին հերթին Մերձավոր Արևելքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին չի բացառել, որ ամերիկյան ուժերը կարող են փորձել գրավել Խարգ կղզին։ Մարտի 26-ին ամերիկյան Axios պորտալը, հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց և իր աղբյուրներին, հայտնել էր Պենտագոնի կողմից Իրանի հետ հակամարտության էսկալացիայի չորս հնարավոր տարբերակների նախապատրաստման մասին։ Դրանք կարող են ներառել Խարգ, Լարակ կամ Աբու Մուսա կղզիների գրավումը։
