ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X սոցցանցում հայտարարել է Իրանի վրա տնտեսական ճնշման կտրուկ ուժեղացման մասին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել կոշտ պատժամիջոցային արշավը մինչև Թեհրանի հետ բանակցություններում «գոհացուցիչ արդյունք» ստանալը։

Ըստ Բեսենթի՝ ԱՄՆ-ը շարունակում է «Տնտեսական ցասում» (Economic Fury) գործողությունը։

Ամերիկյան ֆինանսների նախարարության ղեկավարը պնդում է, որ ճնշման հետևանքներն արդեն զգացվում են երկրի ներսում։

«Իրանի տնտեսությունը և արժույթը ազատ անկման մեջ են»,- հայտարարել է նա։

Բեսենթը հայտնել է նաև, որ Վաշինգտոնի գնահատմամբ՝ իրանական զինվորականները բախվում են վճարումների հետ կապված խնդիրների, ոստիկանների մի մասը աշխատանքի չի ներկայանում, իսկ Խարգ կղզին՝ Պարսից ծոցում Իրանի նավթային արտահանման առանցքային կենտրոնը, փաստացի դադարեցրել է աշխատանքը։

Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Persian Gulf Strait Authority (PGSA) կոչվող կառույցի դեմ։ Վաշինգտոնը պետական և առևտրային կազմակերպություններին նախազգուշացրել է իրանական ծովային երթուղիներով անցման համար վճարումներ կատարելու անթույլատրելիության մասին, ներառյալ՝ նման վճարումները մարդասիրական օգնության քողի տակ թաքցնելու փորձերը։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է նաև, որ ամերիկյան ռազմածովային շրջափակումը հանգեցրել է ծովային փոխադրումներում գտնվող իրանական նավթի ծավալների ռեկորդային կրճատման։ Բացի դրանից, ԱՄՆ-ը մտադիր է սահմանափակել իրանական ավիաընկերությունների գործունեությունը, ներառյալ՝ վայրէջքային սլոթերի հասանելիությունը, ինքնաթիռների լիցքավորումը և տոմսերի վաճառքը։  

Եզրափակելով՝ Բեսենթն ընդգծել է, որ միայն բանակցությունների հաջող ելքը կարող է կանգնեցնել ճնշման հետագա ուժեղացումը։

«Միայն բանակցությունների գոհացուցիչ արդյունքը վերջ կդնի վայրընթաց պարույրին»,- հայտարարել է նախարարը։

Share.