Հորմուզի նեղուցի վրա հետախուզական թռիչք իրականացնելիս անհետացել է ամերիկյան ամենաթանկարժեք անօդաչուներից մեկը՝ MQ-4C Triton-ը։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը
Պարբերականիտվյալներով՝ Հորմուզի նեղուցում պարեկություն կատարող ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքը շարժվել է դեպի Իրան, այնուհետև ավտոմատ կերպով «կոդ 7700» տագնապ է արձակել և սկսել է վայրէջք կատարել, որից հետո նրա ազդանշանը հանկարծակի անհետացել է ռադարից։
«Միջադեպին հնարավոր է եղել հետևել FlightRadar բաց աղբյուրներով կայքի օգնությամբ։ Այդուհանդերձ, դեռևս պաշտոնապես չի հաստատվել՝ անօդաչուն կործանվել է, խոցվել իրանական հրթիռով, թե՞ ի վերջո կարողացել է վերադառնալ բազա»,- նշվում է հոդվածում։
MQ-4C Triton-ը ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք է՝ նախատեսված ծովային և ափամերձ գոտիների դիտարկման համար։ Forbes-ի տվյալներով՝ 2024 թվականի դրությամբ մեկ նման ԱԹՍ-ի արժեքը կազմել է 187 միլիոն դոլար։ Սարքը կարող է օդում մնալ ավելի քան 24 ժամ և թռչել մինչև 18 հազար մետր բարձրության վրա։ Այն համալրված է ռադիոլոկացիոն համակարգով, որը թույլ է տալիս հետևել ծովի մակերևույթին և հայտնաբերել նավերը։
