ԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը այն բանից հետո, երբ Իրանը ապրիլի 18-ին հայտարարեց իր օդային տարածքի մասնակի բացման և երկրի արևելյան հատվածում ավիահաղորդակցության վերսկսման մասին:
«Ապրիլի 21-ի դրությամբ Իրանի օդային տարածքը մասնակիորեն բաց է: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել երկիրը, հետևել տեղական լրատվամիջոցներին և ավիափոխադրողներից ճշտել չվերթների մասին տեղեկությունները: Իրանը լքող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Աֆղանստան, Իրաք կամ Իրանի և Պակիստանի սահմանամերձ շրջաններ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ բերված են նաև ցամաքային երթուղիները: Հայաստան մուտք գործելու վերաբերյալ նշվում է. «Ագարակ/Նորդուզ ցամաքային սահմանը բաց է: ԱՄՆ քաղաքացիներին Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է վավերական ԱՄՆ անձնագիր, կեցությունը հնարավոր է մինչև 180 օր՝ առանց վիզայի: Երկքաղաքացիներից նախնական թույլտվություն չի պահանջվում: Սահմանից հասանելի են տաքսիներ դեպի քաղաքներ և Երևան»:
