ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնը ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից՝ Էփշթեյնի գործով բացահայտումներից հետո, նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
72-ամյա Մանդելսոնը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերին, նրա և Էփշթեյնի միջև էլեկտրոնային նամակները, որոնք հրապարակվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հունվարի վերջին, ցույց են տվել, որ երկու տղամարդիկ ավելի մտերիմ հարաբերություններ են ունեցել, քան հրապարակայնորեն հայտնի էր։
Ոստիկանությունը այս ամսվա սկզբին հետաքննություն է սկսել Մանդելսոնի նկատմամբ, այն բանից հետո, երբ վարչապետ Սթարմերի կառավարությունը փոխանցել է նախկին դեսպանի և Էփշթեյնի միջև հաղորդագրությունները։
«Ոստիկանները ձերբակալել են 72-ամյա տղամարդու՝ պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով», – ասվում է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մանդելսոնը հայտարարել է, որ «խորապես» զղջում է Էփշթեյնի հետ իր նախկին կապի համար։ Սակայն նա հրապարակավ չի մեկնաբանել կամ չի պատասխանել վերջին բացահայտումների վերաբերյալ հարցերին։
Անցյալ շաբաթ Չարլզ թագավորի կրտսեր եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինդզորը նույնպես ձերբակալվել էր պետական պաշտոնեական լիազորություննները չարաշահելու կասկածանքով՝ Էփշթեյնին գաղտնի կառավարական փաստաթղթեր ուղարկելու մեղադրանքով։
