ԱՄՆ բանակը հանկարծակի չեղարկել է խոշոր զորավարժությունները 82-րդ էլիտար օդադեսանտային դիվիզիայի մասնակցությամբ, ինչը կարող է նշանակել, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողության, հաղորդել է The Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ բազայում տեղակայված դիվիզիան բաղկացած է 4-5 հազար զինվոր ունեցող բրիգադային մարտական խմբից։ Այս ստորաբաժանումը համարվում է ԱՄՆ բանակի ամենաօպերատիվ ստորաբաժանումներից մեկը եւ կարող է տեղակայվել 18 ժամվա ընթացքում՝ իրականացնելու բազմազան առաջադրանքներ, սկսած օդանավակայանների եւ կարեւոր ենթակառուցվածքների գրավումից մինչեւ դիվանագիտական առաքելությունների պաշտպանություն եւ արտակարգ տարհանումներ։
Ինչպես տեղեկացրել են աղբյուրները, մարտի 6-ի դրությամբ դիվիզիայի վերաբաշխման մասին հրաման դեռեւս չէր ստացվել: Ակնկալվում է, որ ԱՄՆ բանակը շուտով կհայտարարի 82-րդ դիվիզիայի ուղղաթիռային ստորաբաժանման՝ Մերձավոր Արեւելքում նախկինում նախատեսված տեղակայման մասին, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն գարնան վերջին։
Դիվիզիայի մնացած անձնակազմին հրամայվել է մնալ Հյուսիսային Կարոլինայում՝ Լուիզիանայի Ֆորտ Փոլք բազայում զորավարժություններին մասնակցելու փոխարեն: «Մենք բոլորս պատրաստվում ենք հնարավոր սցենարների՝ համենայն դեպս»,- նշել է թերթի զրոցակիցներից մեկը:
Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել զորքերի հետագա հնարավոր տեղաշարժերը՝ ելնելով օպերատիվ անվտանգության նկատառումներից։
