ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», որտեղ գտնվում է ԱԷԿ–ը։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը։

Կազմակերպության տվյալներով՝ հրթիռն ԱԷԿ–ի տարածքում ընկել է մարտի 24-ի երեկոյան։

Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ հարվածը որևէ նյութական վնաս կամ մարդկային կորուստ չի պատճառել, ատոմակայանը չի վնասվել։

«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ռազմական գործողություններից նման օբյեկտների պաշտպանությունն ապահովող միջազգային նորմերի և պարտավորությունների ակնհայտ խախտում են և կարող են վտանգավոր և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության, հատկապես՝ Պարսից ծոցի երկրների համար», – հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։

Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին հրթիռ է հարվածել, զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։

Share.