ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է` ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլ տեղի ունենա փետրվարի 26-ին Ժնևում:

«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նշանակված են փետրվարի 26-ին Ժնևում»,- գրել Է Բադր ալ Բուսաիդին X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:

Share.