ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված գործողության իրական արժեքը հասնում է գրեթե 50 մլրդ դոլարի, ինչը մոտավորապես երկու անգամ գերազանցում է Պենտագոնի հրապարակային գնահատականը, հաղորդել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են ներքին գնահատականներին։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Պենտագոնի ներկայացուցիչները «Էպիկական ցասում» գործողության արժեքը գնահատել են մոտ 25 մլրդ դոլար, և այդ գումարում ներառված են բացառապես զինամթերքի ծախսերը, նշել են աղբյուրները։
Նրանց խոսքով՝ այն ժամանակ, երբ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը այս շաբաթ օրենսդիրների առջև հանդես էին գալիս՝ պաշտպանելով Պենտագոնի 1,5 տրլն դոլարի ծավալուն բյուջետային հայտը, ամերիկացի պաշտոնյաները, որոնք ծանոթ են ներքին գնահատականներին, հաշվարկել են, որ այս պահին ռազմական գործողության արժեքը մոտենում է 50 մլրդ դոլարի։
Այս գումարը ներառում է ոչ միայն ծախսված զինամթերքի արժեքը, այլև հաշվի է առնում վնասված կամ ոչնչացված ռազմական տեխնիկայից և տարբեր օբյեկտներից առաջացած կորուստները։
Պենտագոնի ֆինանսական վերահսկողի պաշտոնակատար Ժյուլ Հերսթը հինգշաբթի օրը Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ կրած վնասների և տարածաշրջանում օբյեկտների վերականգնման ծախսերի արժեքը առայժմ դժվար է գնահատել։
