ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 6-ը դադարեցվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։
Նրա պնդմամբ` որոշումն ընդունվել է Թեհրանի խնդրանքով, իսկ բուն բանակցությունները, չնայած հրապարակային տարաձայնություններին, իբր հաջող են ընթանում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն զուգահեռ դիտարկում է տարածաշրջանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու հարցը։
«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ հնարավոր է` Պենտագոնը մինչև 10 հազար լրացուցիչ զինվորականներ ուղարկի, այդ թվում՝ հետևակ և զրահատեխնիկա։ Խոսքը ռազմական կարողությունները ընդլայնելու մասին է հետագա սրման դեպքում՝ չնայած բանակցությունների քննարկումներին։
Ավելի վաղ «The Economist»-ը նշել էր, որ Վաշինգտոնը մի քանի սցենար ունի՝ դիվանագիտությունից մինչև սրացում, բայց հակամարտության արագ ավարտը քիչ հավանական է համարվում։
Միևնույն ժամանակ լարվածության հիմնական կետ է շարունակում մնալ Հորմուզի նեղուցը։ Ավելի վաղ Վաշինգտոնը վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով բացել նեղուցն ամբողջությամբ՝ Իրանի էներգետիկ ոլորտին հարվածներ հասցնելու սպառնալիքի ներքո։ Ի պատասխան Թեհրանը սպառնացել էր հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օբյեկտների վրա։ Ավելի ուշ ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանը թույլ է տվել անցնել տասը լցանավերի՝ դա անվանելով «նվեր»։
Կողմերի միջև շփումների մասին լուրերը հակասական են։ ԱՄՆ-ն խոսում է արդյունավետ բանակցությունների մասին, մինչդեռ Թեհրանը հերքում է ուղիղ երկխոսությունը՝ հաստատելով միայն միջնորդների միջոցով ազդանշանների փոխանակումը։ Քննարկվում է նաև ՄԱԳԱՏԷ–ի մասնակցությամբ հանդիպման հնարավորությունը, սակայն Իրանը դեռ չի հաստատել դա։
Հակամարտության ռազմական բաղադրիչն արդեն իսկ զգալի կորուստների հանգեցնում։ «The Wall Street Journal»-ի գնահատականներով՝ ամերիկյան տեխնիկային հասցված վնասը առաջին շաբաթներին կարող է հասնել գրեթե 3 մլրդ դոլարի։ Խոսքն այդ թվում ինքնաթիռների, համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների մասին է, որոնց վերականգնումը ժամանակ և լրացուցիչ բյուջետային միջոցներ կպահանջի։
«Foreign Policy»-ն ավելի վաղ նշել էր, որ ոչնչացված ՀՕՊ համակարգերի և ռադարների փոխարինումը կարող է տարիներ տևել։
