2025 թվականի օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում, որտեղ նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին, մենք հայտարարեցինք «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» փաստաթղթի մասին և ստորագրեցինք փոխըմբռնման երեք երկկողմ հուշագիր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Երկրաբանին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը։
«Այս քայլերը ընդգծում են ԱՄՆ կառավարության հանձնառությունը կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի նկատմամբ: Այդ հանձնառության վրա հիմնվելով՝ ԱՄՆ–ն և Հայաստանը ակտիվորեն քննարկում և ընդլայնում են մեր համագործակցությունը, հանքարդյունաբերության և երկրաբանական հետախուզությունը: Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել ոլորտ, որը կգրավի պատասխանատու ներդրումներ, կամրապնդի ինստիտուտները և լայն օգուտներ կբերի Հայաստանի և ԱՄՆ–ի ժողովրդին:
ԱՄՆ խոշոր ներդրումները ցույց են տալիս, որ Հայաստանի երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտը գրավում է լուրջ երկարաժամկետ գործընկերների: Ամերիկյան ընկերությունները բերում են առաջադեմ տեխնոլոգիաներ, բարձր չափանիշներ և թափանցիկության ու պատասխանատու գործունեության նկատմամբ նվիրվածություն: Միացյալ Նահանգները Հայաստանի երկրաբանական և հանքարդյունաբերական ներուժը համարում է ռազմավարական ակտիվ: Եթե այն զարգանա թափանցիկ և կայուն կերպով, այն կարող է խթանել տնտեսական աճը, աջակցել տարածաշրջանային կայունությանը և ստեղծել հնարավորություններ ապագա սերունդների համար: Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին»,–ասաց փոխդեսպանը։
Նա նկատեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է կիսել իր փորձը այնպիսի հաստատությունների միջոցով, ինչպիսիք են Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը և ԱՄՆ կառավարության և ակադեմիական այլ գործընկերներ. «Մենք պատրաստ ենք ուսումնասիրել երկրաբանական քարտեզագրման և տվյալների, մասնագետների վերապատրաստման և շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության լավագույն փորձի վերաբերյալ համագործակցությունը: Եվ ես գիտեմ, որ մեր կառավարությունների միջև այս հարցերի շուրջ արդյունավետ զրույցներ են տեղի ունեցել հենց այս շաբաթ: Հայաստանի երկրաբաններին՝ ձեր աշխատանքը ուղղորդում է ենթակառուցվածքների, էներգիայի, ջրային և հանքային պաշարների վերաբերյալ որոշումներ կայացնելը:
Այն պահանջում է գիտական խստություն, ազնվություն և երկարաժամկետ հեռանկար»,– ընդգծեց փոխդեսպանը։
