Մի քանի համաշխարհային ավտոարտադրողներ քննարկում են ամերիկյան շուկայում իրենց բյուջետային մոդելների վաճառքից հրաժարվելու հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները չկարողանա երկարաձգել Մեքսիկայի և Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականի տեղեկություններով՝ մի քանի ավտոհսկաներ արդեն տեղեկացրել են ԱՄՆ վարչակազմին, որ կդադարեցնեն իրենց ամենամատչելի մոդելների վաճառքը, եթե Վաշինգտոնը որոշի չերկարաձգել Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ առևտրային համաձայնագիրը (USMCA) կամ համաձայնության չգա երեք երկրների միջև առևտրի այլ արտոնյալ պայմանների շուրջ։

The Wall Street Journal-ը նկատում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ճապոնական Nissan-ը, Toyota-ն և հարավկորեական Hyundai-ն, շարունակում են ամերիկացի սպառողին առաջարկել փոքր ու մատչելի մեքենաներ, մինչդեռ ամերիկյան ավտոհսկաները վերջին տարիներին հրաժարվել են նմանատիպ մոդելներից։ Թեև օտարերկրյա արտադրողներն իրենց բյուջետային որոշ մոդելներ հավաքում են հենց ԱՄՆ-ում, նրանք խիստ կախված են Մեքսիկայից և Կանադայից մատակարարվող պահեստամասերից։ Եթե նախկինում USMCA համաձայնագրով այդ բաղադրիչները չէին հարկվում, ապա Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային փոփոխություններից հետո դրանց մաքսատուրքը հասել է 25%-ի։ Ծախսերի նման կտրուկ աճն էլ ստիպում է ընկերություններին քննարկել ամերիկյան շուկայում էժան մեքենաների վաճառքը դադարեցնելու հարցը։

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ում ամենամատչելի 10 ավտոմեքենաներից 8-ն արտադրվում են արտասահմանյան ընկերությունների կողմից։ Ընդ որում՝ այդ ցուցակի մյուս երկու մոդելները ամերիկյան General Motors ավտոհսկան արտադրում է Կորեայի Հանրապետությունում։

Share.