ԱՄՆ-ն խայտառակ և կործանարար պարտություն է կրում Իրանի դեմ պատերազմում։ Նման տեսակետ է հայտնել ազդեցիկ դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին (Կոնեկտիկուտ նահանգից), որը մասնակցում է Պենտագոնի և Սպիտակ տան ներկայացուցիչների փակ ճեպազրույցներին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չեն փոխել գործողության սկզբնական նպատակները։ Ըստ որի պետք է ոչնչացնել Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը, հրթիռային ներուժը, ինչպես նաև հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրական հզորությունները։
«Խնդիրը հետևյալն է. այս ամենը մարտավարական նպատակներ են, այլ ոչ թե ռազմավարություն, որովհետև ռազմավարություն ուղղակի գոյություն չունի։ Թույլ տվեք անդրադառնալ այդ նպատակներին հերթով և ճեպազրույցներից ստացած տեղեկությունների հիման վրա բացատրել, թե ինչու ենք մենք խայտառակ ձախողմամբ տանուլ տալիս այս պատերազմը»,- X-ի իր էջում գրել է սենատորը։
«Օդային ուժն այն է, թե ինչպես է երկիրը պրոյեկտում իր ուժը սեփական տարածքից դուրս և ինչպես է պաշտպանում իր օդային տարածքը: Սակայն անօդաչու սարքերը փոխարինում են ինքնաթիռներին: Եվ մենք չենք կարող ոչնչացնել նրանց բոլոր դրոնները։ Նրանց հարձակումները շարունակվում են անօդաչու սարքերի միջոցով»,- նշել է Մերֆին: Սենատորը հավելել է, որ ոչ թե իրանական ռազմածովային ուժերն են փակ պահում Հորմուզի նեղուցը, այլ «հազարավոր արագընթաց մոտորանավակները և վերջրյա կամիկաձե-անօդաչուները»: «Եվ ինչպես նրանց դրոնների դեպքում, մենք չենք կարող ոչնչացնել նաև այս բոլոր սարքերը: Նեղուցը մնում է փակ՝ անկախ նրանից՝ կա՞ ռազմածովային նավատորմ, թե՞ ոչ»,- ընդգծել է նա:
Մերֆին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շաբաթներ առաջ Ռուբիոն ԱՄՆ գործողության նպատակներից մեկում, նշում էր Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացումը», մինչդեռ այժմ այդ ձևակերպումը փոխարինվել է «կրճատմամբ»։ «Ինչո՞ւ է տեղի ունեցել նման փոփոխություն։ Որովհետև մենք չենք իրագործում նախնական նպատակը. Իրանը դեռևս պահպանում է իր հրթիռների մեծ մասը»,- նշել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «չի կարող» ստիպել Իրանին դադարեցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների և «տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների» ուղղությամբ հարվածները։ Հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող ավիաբազային։
