CNN հեռուստաալիքն ամփոփել է Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի կորցրած օդաչուավոր ինքնաթիռների քանակը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դրանց թիվը հասել է յոթի։
Ուրբաթ օրը տեղի ունեցած առանձին միջադեպերի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 և A-10 ինքնաթիռների կորուստները հանգեցրել են նրան, որ Իրանի դեմ պատերազմում ոչնչացված օդաչուավոր տեխնիկայի հայտնի քանակը հասել է յոթի:
CNN-ը նաև հրապարակել է այդ կորուստների ժամանակագրությունը։
Մարտի 2-ին Քուվեյթի օդային պաշտպանության ուժերը երեք F-15 կործանիչ են խոցել «բարեկամական կրակի» միջադեպի ժամանակ։ Անձնակազմի բոլոր վեց անդամները բարեհաջող կատապուլտվել են, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս շաբաթ հայտարարել է, որ օդաչուներից երեքն արդեն վերադարձել են ծառայության և մասնակցում են Իրանի ուղղությամբ իրականացվող օդային գրոհներին։
Մարտի 12-ին Իրաքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամները։ Ամերիկացի զինվորականները պարզաբանել են, որ ինքնաթիռը չի խոցվել հակառակորդի կամ դաշնակից ուժերի կողմից․ այն ամենայն հավանականությամբ մեկ այ ինքնաթիռի հետ է բախվել՝ «Էպիկական ցասում» գործողությանն առնչվող առաջադրանքի կատարման ժամանակ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրորդ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
Մարտի 27-ին Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայի ուղղությամբ Իրանի իրականացրած հարձակման հետևանքով թռիչքուղու վրա ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման օդանավը։ Այդ մասին են վկայում CNN-ի հրապարակած լուսանկարները։
CNN-ը հայտնում է, որ ավիաբազայի վրա հասցված հարվածի հետևանքով առնվազն 10 ամերիկացի զինծառայող է զոհվել։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ըստ աղբյուրների՝ վնասվել է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի լիցքավորող ինքնաթիռը։
Բացի այդ, անցյալ ամիս ամերիկյան F-35 կործանիչը հարկադիր վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ավիաբազաներից մեկում։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ինքնաթիռը խոցվել էր իրանական կրակից։ Այս մասին CNN-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։
