Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի ավիաբազաներում, ինչպես նաև Եվրոպայում ավելի քան 150 մարտական ինքնաթիռ է տեղակայել՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ավիացիոն ռեսուրսների տվյալներին և արբանյակային լուսանկարներին։
Պարբերականը տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը անվանել է ամենազանգվածայիններից մեկը՝ 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակներից ի վեր։ Ուժերի կուտակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե համաձայնություն ձեռք չբերվի իրանական միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ։ Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը հնարավոր է, սակայն դրան հասնելու համար ժամանակ կպահանջվի։
Ուժերի տեղակայումը վերլուծած փորձագետները նշում են, որ այն գերազանցել է ռազմական հզորության այն աճը, որը նկատվում էր 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից առաջ։ Նրանք ընդգծում են, որ տարածաշրջանում տեղակայված ուժերը վկայում են Իրանի դեմ բազմօրյա արշավի պլանների մասին։
Պարբերականը հիշեցնում է, որ տասնյակ հավելյալ ինքնաթիռներ գտնվում են USS Gerald R. Ford ավիակրի տախտակամածին, որը փետրվարի 23-ին մուտք է գործել Կրետեի ռազմաբազա: Սա արդեն երկրորդ ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, և դրա ժամանումը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդն այժմ գտնվում է այս տարածաշրջանում, նշվում է հրապարակման մեջ:
«Կենտրոնացված ուժերի մասշտաբը նշանակում է, որ ամերիկյան զինվորականները կարող են կատարել Թրամփի ցանկացած որոշում՝ սկսած տևական ու բարձր արդյունավետությամբ արշավից, մինչև ավելի թիրախային ու սահմանափակ հարվածներ», — պարբերականին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի նախկին տեղակալ Դանա Ստրոուլը, ով այժմ Վաշինգտոնի ինստիտուտի հետազոտությունների տնօրենն է․ այդ կառույցը զբաղվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով:
