ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ PrSM տեսակի փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռ է կիրառել, որը հարվածել է երկրի հարավում գտնվող Լամարդ քաղաքի մարզադահլիճին և դպրոցին։ Այս մասին երկուշաբթի օրը գրել է New York Times թերթը՝ հղում անելով ռազմական փորձագետներին և հարվածի վայրից ստացված պատկերների վերլուծությանը։
Հարվածը հասցվել է փետրվարի 28-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտնել էր մարզադահլիճում զոհված 20 մարդու մասին։
«Պարբերականը հաստատել է Լամարդում երկու հարվածների տեսանյութերը, ինչպես նաև հարվածների հետևանքների նկարահանումները։ Times-ի լրագրողները և սպառազինության գծով փորձագետները պարզել են, որ զենքի առանձնահատկությունները, պայթյուններն ու ավերածությունները համապատասխանում են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, որը կոչվում է «Բարձր ճշգրտության հարվածային հրթիռ» (Precision Strike Missile) կամ PrSM», – ասված է նյութում։
Պարբերականը նշում է, որ հրթիռը պայթում է անմիջապես թիրախի երկնում՝ արձակելով վոլֆրամե հարվածող տարրեր։
Տեսանյութերից մեկը, որտեղ հարվածը հասցվում է դպրոցից ու մարզադահլիճից ընդամենը 274 մետր հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքին, ֆիքսել է հրթիռի թռիչքը. դրա ուրվագիծը լիովին համապատասխանում է PrSM-ին։ Լուսանկարներում հստակ երևում են օդում պայթող հրթիռի հարվածող տարրերի հետքերը։
New York Times-ը նաև հավելում է, որ թիրախի մոտակայքում է գտնվում ԻՀՊԿ-ի կառույցներից մեկը, սակայն դեռևս պարզ չէ՝ հարվածը դիպել է դրան, թե ոչ։
Հին արբանյակային լուսանկարները թույլ են տալիս պնդել, որ դպրոցի և ԻՀՊԿ-ի օբյեկտի միջև առնվազն 15 տարի ցանկապատ է եղել։ Բացի այդ, մարզադահլիճը նույնիսկ առցանց քարտեզներում արդեն երկար տարիներ նշված է որպես քաղաքացիական օբյեկտ, ասված է տեքստում։
«Քանի որ զենքն այդքան նոր է, դժվար է ասել՝ արդյոք Լամարդում PrSM-ի հարվածները եղել են կանխամտածված, թե տեղի են ունեցել կոնստրուկցիոն սխալի կամ արտադրական թերության պատճառով։ Դրանք կարող էին նաև թիրախի սխալ ընտրության հետևանք լինել»,— կարծում են նյութի հեղինակները։
Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրը հաստատել է, որ հարվածի ժամանակ կիրառվել է հենց PrSM հրթիռը։ Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր այս հրթիռի առաջին կիրառումը գործողության ընթացքում, սակայն մանրամասներ չէր հայտնել։
Ի տարբերություն իրենց «նախորդների»՝ ATACMS բալիստիկ հրթիռների, PrSM-ն առանձնանում է ավելի մեծ հեռահարությամբ (մինչև 500 կիլոմետր)։
