Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին երեքշաբթի օրը կայցելի Օման՝ այնտեղ կայացած անուղղակի ամերիկա-իրանական բանակցություններից հետո, հայտնել է Tasnim գործակալությունը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետները կապեր են հաստատել Օմանի միջնորդությամբ Պարսից ծոցի այս արաբական երկրում՝ փորձելով վերսկսել դիվանագիտական երկխոսությունը Իրանի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային ներկայության ուժեղացման և հարձակման դեպքում կոշտ պատասխան տալու մասին Թեհրանի հայտարարությունների ֆոնին։

«Այս ուղևորության ընթացքում (Լարիջանին) կհանդիպի Օմանի Սուլթանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի վերջին տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև տարբեր մակարդակներում երկկողմ համագործակցությունը»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։

Հաջորդ փուլի անցկացման ամսաթիվն ու վայրը դեռևս չեն հայտարարվել:

Անցյալ տարի Իրանը և ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի սահմանափակմանը, սակայն գործընթացը հայտնվել է փակուղում՝ հիմնականում Իրանի տարածքում ուրանի հարստացման հարցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:

Հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին՝ որպես իսրայելական 12-օրյա ռմբակոծությունների արշավի եզրափակում: Դրանից հետո Թեհրանը հայտարարել է ուրանի հարստացման գործունեության կասեցման մասին, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես միջուկային զենքի ստեղծման հնարավոր ուղի: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Share.