ԱՄՆ հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանին հասցված հարվածները որևէ կերպ չեն փոխել այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է Թեհրանին միջուկային զենք ստեղծելու համար, հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտնում են երկու անկախ աղբյուրներ, դեռևս մինչև 2025 թվականի «12-օրյա պատերազմի» մեկնարկը, ամերիկյան հետախուզությունը եզրակացրել էր, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, 3-ից 6 ամսում կկարողանա արտադրել բավարար քանակությամբ ուրան՝ միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար։
Այդ պատերազմից հետո, որի ընթացքում ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային համալիրներին, ամերիկյան հետախուզությունը կարծում էր, որ միջուկային ռումբի ստեղծման ժամկետը հետաձգել է մոտ 9-12 ամսով։
Սակայն այժմ՝ 2026 թվականի նոր պատերազմից հետո հետախուզությունը կարծում է, որ միջուկային զենքի ստեղծման ժամկետն այդպես էլ չի փոխվել։ Այսինքն՝ այն դեռևս կազմում է նույն 9-12 ամիսը։
Ժամկետների անփոփոխ մնալը հուշում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացումն էապես դանդաղեցնելու համար կարող է անհրաժեշտ լինել ոչնչացնել կամ առգրավել բարձր հարստացված ուրանի մնացած պաշարները։
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան պաշտոնյաները քննարկել են մի շարք վտանգավոր գործողությունների տարբերակներ, որոնք կարող են զգալիորեն խոչընդոտել Իրանի միջուկային ջանքերին։ Այդ տարբերակների թվում են նաև ցամաքային հարձակումները (ռեյդերը), որոնք նպատակ ունեն Սպահանի օբյեկտի ստորգետնյա թունելային համալիրից դուրս բերել բարձր հարստացված ուրանը։
Հարկ է նաև նշել, որ ԱԷՄԳ-ի գնահատմամբ՝ բարձր հարստացված ուրանի ընդհանուր պաշարների լրացուցիչ հարստացման դեպքում այն Իրանին կբավականացներ 10 միջուկային ռումբ ստեղծելու համար։
