ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են Իրանի երկնքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին. հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյայի։
Ըստ պաշտոնյաներից մեկի, անձնակազմի անդամը՝ սպառազինության համակարգերի սպան, վիրավորվել էր ուրբաթ օրը ինքնաթիռից կատապուլտվելուց հետո, սակայն կարողացել է քայլել և մեկ օրից ավելի թաքնվել է լեռներում։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի, խոցված ինքնաթիռի հետ կապված միջադեպն իսկական մղձավանջ է դարձել ամերիկացի զինվորականների համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես նետվել է Իրանի հարավ-արևմուտքում անհետ կորած ամերիկացի սպային որոնելու։
Անձնակազմի երկու անդամներն էլ փրկվել են Իրանի տարածքում իրականացված հատուկ գործողության ընթացքում։
Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ շաբաթ օրվա գործողությունն իրականացրել է կոմանդոսների հատուկ ստորաբաժանումը՝ օդային ուժեղ պաշտպանության ներքո։ Ամերիկյան զորքերն ուժեղ կրակ են բացել, և այժմ բոլոր ուժերը գտնվում են Իրանի սահմաններից դուրս։
Ըստ երկու աղբյուրի, F-15-ի օդաչուն և սպառազինության համակարգերի սպան ուրբաթ օրը կատապուլտվելուց հետո կապ են հաստատել իրենց կապի համակարգերի միջոցով։
Օդաչուն փրկվել է ինքնաթիռի խոցումից մի քանի ժամ անց։ Այդ փրկարարական գործողության ժամանակ Իրանը խոցել է ամերիկյան Blackhawk ուղղաթիռը, ինչի հետևանքով անձնակազմի անդամները վիրավորվել են, սակայն ուղղաթիռը կարողացել է շարունակել թռիչքը։ Սպառազինության համակարգերի սպային գտնելու և փրկելու համար պահանջվել է ավելի քան մեկ օր։
