Պարսից ծոցի եւ Եվրոպայի մի շարք առաջնորդներ կարծում են, որ ԱՄՆ-ին եւ Իրանին կարող է մոտ վեց ամիս անհրաժեշտ լինել հակամարտության կարգավորման համաձայնության հասնելու համար, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ որոշ պաշտոնյաներ կարծում են, որ հրադադարը պետք է երկարաձգվի, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ հիմնական պայմանների շուրջ։
Նշվել է, որ տարածաշրջանի երկրները նաեւ քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումներն անհապաղ վերացնելու անհրաժեշտությունը՝ էներգամատակարարումը կայունացնելու համար։ Հակառակ դեպքում, զգուշացնում են աղբյուրները, շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել գների բարձրացման եւ ռիսկեր ստեղծել համաշխարհային պարենային անվտանգության համար։
Միաժամանակ, Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Պարսից ծոցի մի քանի երկրներ կարծում են, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ իր միջուկային ծրագրի զարգացմանը, եւ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի ուրանի հարստացման եւ բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակումներ։
Միաժամանակ, գործակալության տվյալներով, տարածաշրջանի երկրները կողմ են բանակցությունների շարունակմանը եւ ռազմական նոր սրացումից խուսափելուն։
