ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պարտվել է բոլոր պատերազմներում, բացի ՄԱԿ դրոշի ներքո մղված պատերազմներից։
Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը կարող է կանգնեցնել միայն «դոլարի տոկոսադրույքի բարձրացումը, [ԱՄՆ-ում] գնաճը եւ ներքին [ամերիկյան] խնդիրները, եւ հենց սա է, ինչին Իրանը փորձում է հասնել իր պատասխանով»։ Բորելը TVE հեռուստաընկերության հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը չունի իսլամական հանրապետությունում գործողության հստակ ծրագիր։ «ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պարտվել է բոլոր պատերազմներում, բացի ՄԱԿ դրոշի ներքո մղված պատերազմներից», նշել է նա։ «Այն, ինչ անում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը, այն է, որ ստեղծում են համաշխարհային էներգետիկ ճգնաժամ»,- կարծում է Բորելը։
Ինչպես ընդգծել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը, ներկայիս «եվրոպական կակոֆոնիան» մասամբ պայմանավորված է Եվրահանձնաժողովի իրավասությունից դուրս գտնվող հարցերի հայտարարություններով։ «Պայմանագրում հստակ նշված է, որ հանձնաժողովը չի ներկայացնում միությունը արտաքին եւ պաշտպանական քաղաքականության մեջ»,- հիշեցրել է նա՝ նշելով, որ այս գործառույթը գտնվում է Անտոնիու Կոշտայի նախագահությամբ գործող Եվրոպական խորհրդի իրավասության ներքո։
