ԱՄՆ վարչակազմը զբաղվում է Իրանում ժամանակավոր կառավարություն ձեւավորելու հարցով, եթե Իրանի ներկայիս իշխանությունները այլեւս չկարողանան ղեկավարել երկիրը, ուրբաթ հաղորդել է The National-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Իրանական ներկայիս ռեժիմի այլընտրանք գտնելու ԱՄՆ ջանքերին մոտ կանգնած աղբյուրը թերթին հայտնել է, որ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ներգրավված է գործընթացում։ Նա օգնում է հավաքել իրանա-ամերիկյան գործարար առաջնորդների խումբ՝ խորհրդատվություն տրամադրելու անցումային կառույցի ձեւավորման վերաբերյալ, որը կօգնի կառավարել Իրանը ռեժիմի փլուզման դեպքում»,- նշել է պարբերականը։

Զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է իրանցի ընդդիմադիր գործիչներին հավաքել Փալմ Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ)։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս հանգստյան օրրեին, սակայն միջոցառման լոգիստիկան բարդ է։ Նաեւ պարզ չէ, թե արդյոք ընդդիմադիր գործիչները կհրավիրվեն այդ տարածքում գտնվող նախագահական նստավայր՝ Մար-ա-Լագո, թե որեւէ այլ տեղ մոտակայքում։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Թրամփն ավելի վաղ վստահեցրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե վերջինը փորձի վերագործարկել իր միջուկային ծրագիրը։ Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ կողմերը պատրաստվում էին ուրբաթ օրվա բանակցություններին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ավելի վաղ հաստատել էր, որ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ Մասկատում։

Թեհրանն ու Վաշինգտոնն արդեն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ Իսրայելը, իսկ հետո Միացյալ Նահանգները, 2025թ․ հունիսին հարվածներ են հասցրել Իրանին։

Share.