Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ կապված հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման հետ։
«Այսօրվա իրադարձությունը կարևոր հանգրվան է տարածաշրջանային փոխկապակցվածության և խաղաղության ամրապնդման համար։ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները հանդիպում են անցկացրել Թուրքիայի Կարս քաղաքում, որի ընթացքում հայտարարվել է Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս երկաթգիծն ավելի քան մեկ դար եղել է տարածաշրջանը միավորող առևտրային և տարանցիկ առանցքային երթուղի՝ ընդհուպ մինչև 1993 թվականի հուլիսը, երբ վերջին գնացքը հատեց թուրք-հայկական սահմանը», – գրել է դեսպանը։
Ըստ նրա՝ ձեռք բերված առաջընթացն արտացոլում է «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» նախաձեռնության շրջանակներում առաջ մղվող տեսլականը, ինչպես նաև համահունչ է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի գլխավորությամբ Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին։
