Պենտագոնը մտադիր է մշակել արհեստական ​​բանականության (ԱԲ) վրա հիմնված գործիքներ՝ Չինաստանի ենթակառուցվածքի խոցելի տեղերը բացահայտելու եւ դրանք հնարավոր հակամարտության ժամանակ օգտագործելու համար։ Այս մասին տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ նոր գործիքները նախատեսված են էլեկտրաէներգետիկ ցանցերի, կոմունալ ենթակառուցվածքի եւ այլ կարեւոր համակարգերի վերաբերյալ տվյալներ հավաքելու եւ դրանց աջակցող ծրագրային ապահովման խոցելիությունները բացահայտելու համար։ Այնուհետեւ գործիքը պոտենցիալ թիրախները կտցնի մարտական գործողություններ վարելու ​​ծրագրերում։ Այդպիսի թիրախներից մեկը կարող են լինել տվյալների կենտրոնների մոտ գտնվող էլեկտրակայանները։ ԱՄՆ իշխանությունները մտադիր են օգտագործել այդ խոցելիությունները՝ հնարավոր ռազմական հակամարտության ժամանակ համակարգեր ներթափանցելու եւ դրանք խափանելու համար։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել թերթի հաղորդագրությունը։

«Դա հիշեցնում է այն գողին, որը գիշերը ստուգում է մուտքի դռները, մինչեւ որ գտնի բաց դուռը։ Արհեստական ​​բանականությամբ աշխատող հաքերային հարձակումը կարող է զգալիորեն մեծացնել ստուգված դռների թիվը»,- թերթը մեջբերել է ԱՄՆ հետախուզական գործակալության Չինաստանի վերլուծության նախկին ղեկավար Դենիս Ուայլդերի՝ տեխնոլոգիային տված բնութագիրը։

Թերթի տվյալներով՝ Պենտագոնն արդեն բանակցություններ է վարել ԱԲ մի քանի առաջատար ընկերությունների հետ։ Գերատեսչությունն ավելի վաղ պայմանագրեր է կնքել ԱԲ տեխնոլոգիաների ամերիկյան մատակարարների՝ OpenAI-ի, Anthropic-ի, Google-ի եւ xAI-ի հետ՝ ընդհանուր առմամբ մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ։ Թերթի զրուցակիցները չեն նշել, թե որ ընկերություններն են մշակելու խոցելիության հայտնաբերման նոր գործիքները։

Share.